«Հրապարակը» գրել էր, որ փետրվարի 14-ին, կեսգիշերին պարեկները քաշքշել, նվաստացրել ու ֆիզիկական ճնշում էին գործադրել Տիգրան և Վիգեն Ադամյան եղբայրների և Վիգենի կնոջ նկատմամբ:
Եղբայրներին ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել ոստիկանության Եղվարդի բաժանմունք, իսկ երիտասարդ կնոջն ու 6 ամսական երեխային թողել էին մեքենայի մեջ՝ մենակ ու անօգնական: Պարեկներն իրենց հետ տարել էին նաև մեքենայի բանալիները, որ կինը մեքենայի շարժիչը միացնելու, տաքանալու հնարավորություն չունենար: Մոր և երեխայի գտնվելու մասին իմանալով, Նոր Գեղի գյուղի /որտեղ հյուր էին/ իրենց ծանոթները եկել և փետրվարի լույս 15-ի գիշերը կնոջն ու երեխային տարել են գյուղ:
Վերջիններս, Արմավիր՝ իրենց տուն են գնացել լուսադեմին:
Քիչ առաջ տեղեկացանք, որ երեխայի առողջական վիճակը վատացել է, ջերմությունը՝ բարձրացել: Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Փոքրիկի մոտ բրոնխիալ հազ է ախտորոշվել, մրսածության պատճառով թոքերում խզզոց է առաջացել:
«Արմավիր» Բ/կ-ում ստացիոնար բուժում են առաջարկել, բայց երեխայի ծնողները չեն ցանկացել նրան թողնել հիվանդանոցում: Փոքրիկին տուն են տարել՝ բժիշկների հսկողության տակ պահելու պայմանով: