Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Վոլոդյա Ք․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 60-ամյա Սիրանույշ Բ.-ին և 11-ամյա Անի Հ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ Սիրանույշ Բ․-ին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Անի Հ․-ին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Մելիք Մելոյանն ու կրտսեր պարեկ Նորայր Աղամիրյանը։
Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով՝ Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։