Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, փրկարարները հայտնաբերել են ևս չորս մարմին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կոմիտեում:
«Կոմիտեի փրկարարները հայտնաբերել են չորս քաղաքացու՝ երեք կնոջ և մեկ տղամարդու մարմին, որոնք հանձնվել են համապատասխան հաստատություններին՝ նրանց ինքնությունը պարզելու համար», - հայտնել են գերատեսչությունում։
Բացի այդ, պարզվել է, որ սելավի հետևանքով ոչնչացել է 100 գլուխ ընտանի անասուն․ հանրապետության բոլոր շրջաններում, որոնք տուժել են տարերային աղետից, շարունակվում են հետևանքների վերացման աշխատանքները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Տաջիկստանում տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք առաջացրել են հեղեղումներ, սելավներ և քարաթափումներ։