Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկները։
Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Պարեկները դեպքի վայրում սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը, սակայն քննչական բաժնից տեղեկացրել են, որ քանի որ վնասվածքները թեթև են՝ իրենք անելիք չունեն։
Այս պահին Պարեկային Ծառայության և Թալինի քննչական բաժնի միջև բանակցություններ են գնում, թե ով է վթարը ձևակերպելու։
Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ն ու Lexus-ը դեպի Գյումրի ընթանալիս են եղել, երբ Lexus-ը բախվել է Opel-ին, ինչից հետո վերջինս գլխիվայր շրջվել է։