Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Toyota Camry և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, քաղաքացիների և օպերատիվորեն վթարի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Թալինի հրշեջ-փրկարարների օգնությամբ՝ դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել են օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտոնի շտապօգնության ավտոմեքենաներին։
Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորիներին, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։