Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 3-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի հանձնարարականով դեպքի վայր ժամանած փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, որոնց տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, իսկ բժիշկների թիվ 43 հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել ևս 1 քաղաքացու, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Նշված բժիշկների հերթապահ խումբն այս պահին դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում։
Հրշեջները մեծ դժվարությամբ նախ կանխել են մեկ հարկանի սեփական տան տարածքում առաջացած խոշոր հրդեհի տարածումը, ապա մարել են այն։ Ներսում հայտնաբերվել է մոխրացած դի։
Նշված տարածքը ժամանակավորապես հոսանքազրկվել և գազազրկվել է։
Այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։