Երեկ՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 23․45-ի սահմաններում Շաքի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատան մուտքի դիմաց կայանված «ՏHACMAN» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված երկու Volvo մակնիշի ավտոմեքենաներին, որից հետո դիմային մասով բախվել է մաքսատան բետոնե շինությանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի խցիկում գտնվող Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Սևադա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Քանի որ վիրավորը արգելափակվել էր ավտոմեքենայում, հրշեջ փրկարարները նրան դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վիրավորի վիճակը գնահատվել է ծանր։ Հրշեջ փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, վիրավորը աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում։