Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Սևաբերդ-Զառ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենաներին։
Բժիշկները, մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, ղեկը և գազաբալոնները կոտրվել ու շպրտվել են։