NEWS.am-ի տեղեկություններով, նախօրեին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները, հիմնական վարկածներից մեկը դիտարկում են ադրբեջանցիների կողմից սպանությունը:
Նշենք, որ երեկ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: