Երեկ՝ հուլիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Նվեր Ղ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին կայանված ՌԴ քաղաքացի 28-ամյա Ալան Կ․-ի վարած Volvo մակնիշի բեռնատարի հետնամասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Բենիկ Ս․-ն տեղում մահացել է։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի դին, մոտեցրել օպերատիվորեն ժամանած դիատարին, ապա փակել Opel-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Մինչ հրշեջերի ժամանումը քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդը, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ Opel-ը ավտոքարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։