Երեկ՝ օգոստոսի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 65-ամյա Ավետիք Մ․-ն իր վարած Hyundai Solaris մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում՝ ծառերի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ավետիք Մ․-ն, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը, պատգարակով դուրս է բերվել և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային։
Մինչ կժամաներ քննչական խումբը, վիրավորին հիվանդանոց տեղափոխած շտապօգնության բժիշկը ահազանգել է Ոստիկանության Չարենցավանի բաժին և հայտնել, որ վիրավորը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։