Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են Mercedes 222 մակնիշի և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Niva-ն էլ գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մի քանի հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու համար տեսուչներ Արսեն Մարտիրոսյանը, Նշան Հակոբյանն ու Սահակ Թադևոսյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, ինչը ճանապարհային ոստիկաններին հաջողվել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Niva-ի վարորդն է, իսկ Mercedes-ը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատերերից Աշոտ Արսենայնի եղբոր որդուն՝ Անդրանիկ Արսենյանին և, ըստ տեղեկությունների, ավտոմեքենայի մեջ եղել են ինքն ու իր ազգականը։ Վերջիններս էլ «Արարատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։