Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան և Ստեփան Շահումյան փողոցների հատման վայրում, փոսի մեջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված փոսում հայտնաբերել են տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։