Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը և բաժանմունքի պետի տեղակալ Դավիթ Փանոյանը։
Բժիշկները նաև հավանաբար մահացածի հարազատներին տեղում բուժօգնություն ցուցաբերեցին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր։
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա ալվարդ Թ․-ն է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։