Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Միկոյանը:
Ոստիկաններն ու պարեկները գետում հայտնաբերել են տղամարդու դի և այն դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վերջիններս ճոպանի միջոցով դին դուրս են բերել գետից: Այս պահին տարածքը ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ Արգամ Կիրակոսյանը սահմանազատել են:
Դեպքի փաստով, Գ. Զաքարյանի որոշմամբ, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպեր-լիազոր Արտաշես Նիկողոսյանի գլխավորությամբ, պարզել են դիակի ինքնությունը, որը 30-ամյա Սենիկ Հ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրում հայտնաբերվածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված և հաշվառված է եղել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկում: