Մինչեւ 2020 թվականը սա սովորական տուն է եղել, իսկ պատերազմից հետո զինվորներ են մնացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազատ գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով գյուղում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհին, որի հետեւանքով 15 զինծառայող է զոհվել:
Նա նշեց, որ գյուղը գազաֆիկացված չէ, փայտ կամ աթար են վառում տները տաքացնելու համար. «Գիշերը ոչ մի ձայն չեմ լսել, եթե պայթյուն լիներ, ես քնից կարթնանայի: Դեպքի մասին առավոտյան եմ իմացել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։