MediaArm.am Զարկերակային բարձր ճնշումը ներկայում ամենավտանգավոր ու տարածված առողջական խնդիրներից մեկն է, որը զգալիորեն ծանրաբեռնում է սրտամկանն ու անոթները և բարձրացնում է սրտանոթային համակարգի աշխատանքի այլ լուրջ խանգարումների, այդ թվում՝ սրտի նոպաների, գլխուղեղի կաթվածի ու անոթալայնանքի, ինչպես նաև կոգնիտիվ գործառույթների թուլացման ու երիկամային անբավարարության զարգացման հավանականությունը։
Նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել ու պահել արյան ճնշումը մշտական վերահսկողության տակ, քանի որ այդ ցուցանիշի հաճախակի տատանումները կարող են շատ վտանգավոր լինել։
Այս հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում են զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, սակայն դրանք կարող են հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, ուստի նման տհաճ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել դեղորայքը բնական միջոցներով, այդ թվում նաև սննդամթերքի որոշ տարածված տեսակների, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել ճնշումն ու միաժամանակ խուսափել դեղամիջոցների վնասակար ազդեցությունից։
Մասնագետները ներկայացրել են երեք համեղ ու օգտակար մթերք, որոնք նախաճաշին ներառելը կօգնի վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումը:
Վարսակ
Վարսակը պարունակում է մանրաթելերի յուրահատուկ տեսակ՝ բետա-գլյուկան, որը կարող է օգնել նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Որոշ հետազոտությունների համաձայն՝ բետա-գլյուկանը կարող է նվազեցնել նաև զարկերակային ճնշումը, ուստի օրը մի բաժին վարսակով սկսելը կամ առհասարակ սննդակարգում վարսակ ավելացնելը կարող է շատ օգտակար լինել այս խնդրի դեմ պայքարում:
Բնական յոգուրտ
Ամերիկյան սրտաբանական ընկերակցության հաղորդմամբ՝ յոգուրտը կարող է նվազեցնել զարկերակային բարձր ճնշման վտանգը կանանց մոտ: Ընդ որում՝ բնական ոչ քաղցր յոգուրտը կամ հունական յոգուրտը որպես կանոն շատ ավելի օգտակար են լինում, ուստի ցանկալի է նախապատվությունը տալ հենց այս յոգուրտներին: Նման մթերքը կարելի է համադրել մրգերի, ընկույզների կամ սերմերի հետ որպես թեթև քաղցը հագեցնելու միջոց կամ օգտակար ու համեղ աղանդեր:
Հատապտուղներ
Հապալասն ու ելակը պարունակում են հակաօքսիդանտային միացություններ՝ անտոցիաններ, որոնք համարվում են ֆլավոնոիդների տեսակներից մեկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ անտոցիաններ օգտագործող մարդկանց մոտ զարկերակային ճնշման բարձրացման վտանգն ութ տոկոսով ավելի ցածր է, քան քիչ քանակությամբ անտոցիաններ օգտագործողների մոտ: Ընդ որում՝ արդյունքն ավելի ակնհայտ է լինում այդ անտոցիանները հապալասից ու ելակից ստանալու դեպքում: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգը հատապտուղներով՝ համադրելով դրանք վարսակի, յոգուրտի և այլնի հետ կամ օգտագործելով առանձին:
Որ մթերքն է հարկավոր բացառել սննդակարգից
Զարկերակային ճնշման տատանումների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ոչ միայն հարստացնել սննդակարգը որոշակի մթերքով, այլև բացառել սննդամթերքի որոշ տեսակները, քանի որ դրանք կարող են վնասակար լինել առողջության համար: Սննդամթերի նման տեսակների շարքին են դասվում յուղոտ մսամթերքը, կիսաֆաբրիկատներն ու երշիկեղենը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ աղեր, հագեցած ճարպեր ու այլ վնասակար տարրեր, որոնք կարող են բարձրացնել զարկերակային ճնշման ցուցանիշներն ու զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը:
Նյութի աղբյուրը՝ Medical News Today