MediaArm.am Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի Գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն ասում է, որ Հայկ Մարուքյանն ակներև չաջակցեց ՔՊ թիմին և, դա խնդիր է:
Մի շարք այլ համայնքապետեր ակներև աջակցել էին ընդդիմադիր ուժերի, և դա ևս դիտվում էր խնդիր: Համենայն դեպս, հակառակ դեպքում խնդիր է, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ընտրությունից հետո գրառում է անում, և այդ համայնքապետերի հարց ձևակերպում:
Հիմա, հարց է առաջանում, երբ համայնքապետերը համապետական ընտրության մասնակից որևէ ուժի ԱԿՆԵՐԵՎ աջակցում են կամ չեն աջակցում, ո՞ր դեպքում է խնդիր՝ աջակցելո՞ւ, թե՞ չաջակցելու: Եվ կոնկրետ Երևանի քաղաքապետի դեպքում Հարությունյանը հայտնում է ՔՊ-ի՞ դիրքորոշումը, թե՞ ՔՊ որևէ խմբի կամ շերտի:
Եվ ի՞նչ է նշանակում այնպես անենք, որ դրանից չտուժի քաղաքը: Երբ արտահերթ ընտրությանը մոտ 54 տոկոսով իր մեծամասնության կարգավիճակը հաստատած ուժի առանցքային ներկայացուցիչներից մեկը, վարչապետի խորհրդականի կարգավիճակ ունեցող մարդը փաստացի հրապարակավ անվստահություն է հայտնում քաղաքապետին, դա նվազագույնը առաջացնում է «սպասում»՝ որ Հայկ Մարությանը գնացող է:
Հետևաբար, առնվազն առաջանում է հարց՝ ինչպե՞ս են վերաբերվելու այդպիսի քաղաքապետին, նրա քայլերին, գործողություններին, այլ կերպ ասած՝ «կաղ բադիկ» պաշտոնյային: Ինչպես հայտնի է, արևմուտքում այդպես են բնորոշում հեռացող, այլևս առաջադրվելու հնարավորություն չունեցող նախագահներին:
Կառավարող ուժի ներկայացուցիչը, փաստորեն, «կաղ բադիկի» կարգավիճակ է տարածում Երևանի քաղաքապետի վրա, և հետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունենում ոչ միայն արտահերթ ընտրությունից անմիջապես հետո, այլ նաև ինքնակամ կառույցների ապամոնտաժման էս աղմկոտ գործընթացի ֆոնին: Կարո՞ղ է աշնանն էլ ունենանք քաղաքապետի արտահերթ ընտրություն: Ինչպես հայտնի է, հերթականը պետք է լիներ 2022 թվականին:
Արդյո՞ք կառավարող ուժը համարում է, որ պետք է այդ հարցով զբաղվել այժմ, քանի դեռ «տաք» է արտահերթ ընտրության արդյունքը: Ի վերջո հայտնի է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունը ոչ ֆորմալ իմաստով գրեթե հավասարազոր է համապետական ընտրության, հետևաբար կառավարող ուժը կարող է մտածել այդ խնդիրը 2022-ին չթողնելու մասին:
Սա. իհարկե. զուտ դիտարկում է, որը, բնականաբար, կարող է կապ չունենալ թե՛ բուն հայտարարության, թե՛ ընդհանուր քննարկումների մոտիվների հետ»: