MediaArm.am Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը մտահոգիչ է համարում այն, որ հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հանել են։ Շուշիի շրջանի հայկական վերահսկողության տալ մնացած չորս գյուղերը՝ Մեծ Շենը, Հին Շենը, Եղցահողն ու Լիսագորը, Դավթյանի խոսքով, այսպիսով անպաշտպան են դառնում։
«Մեզ մոտ էլ հայկական զորք չկա, մենք գյուղերի մեջտեղն ենք գտնվում, բայց գյուղի դիմացը բաց է, ադրբեջանցիներն ամեն պահի կարող են մտնել։ Ցավոք սրտի, մերոնք չեն ուզում հայկական ուժեր դնել այստեղ, երևի չեն թողնում, դրածն էլ հանում են»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց նա։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս զարգացումները մտահոգիչ են։ «Ժամանակի հարց է, այս գյուղերը երևի կհանձնեն, բոլոր գործողություններն ու զարգացումները դրան են տանում»,- ասաց նա։ Դավիթ Դավթյանի խոսքով՝ համայնքների բնակիչների պայքարն այս իրավիճակում օգուտ չի տալիս։ «Հրամանը վերևից է գալիս, իրենք արդեն չեն էլ խառնվում, ռուսներն արդեն ըստ համաձայնության պլանն ի կատար են ածում։ Ռուսների միջոցով հիմա ամեն ինչ արվում է, էլի»,- ասաց նա։
Մեծ Շեն գյուղի բնակիչները, որոնք անվտանգության խնդիրների պատճառով լքել էին գյուղը, համայնքի ղեկավարի խոսքով, վերադառնում են։ Այսօր արդեն 75 մարդ է ապրում գյուղում։ «Դա շատ լավ է, եթե այսպես մնա։ Մարդիկ կան, որ դեռ պետք է գան, եթե զարգացումներն ի շահ մեզ լինեն։ Այսօրվա դրությամբ մեր գյուղում ոչ մի հսկողություն չկա, քանի որ մենք մեջտեղն ենք գտնվում, բայց ցանկացած պահի կարող են ազատ մտնել, ոչ մի գյուղ էլ արդեն չի հսկվում։ Եթե գյուղի բնակիչները թեկուզ 30 տոկոսով վտանգ տեսնեն, գյուղից դուրս կգան, որովհետև այստեղ անհնար է ադրբեջանցիների հետ ապրելը»,- ասաց նա։
Ըստ Դավիթ Դավթյանի՝ Շուշիի շրջանի այս չորս գյուղերը ռազմավարական նշանակություն ունեն թե հայկական կողմի համար, թե Ադրբեջանի։ Հետևաբար, այդ տարածքների համար պայքար է։ «Մեզ համար ռազմավարական նշանակությունն այն է, որ միակ կապող օղակն է Հայաստանի հետ, իրենց նպատակն էլ այն է, որ այդ օղակը կտրեն։ Հիմա, թե ոնց են պայմանավորվել, դա չեմ կարող ասել, բայց իմ կարծիքն այն է, որ որոշված է, որ սա պետք է հանձնել։ Աստված տա, ես սխալվեմ»,- հավելեց նա։