MediaArm.am Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիմա երկընտրանքի առաջ է հայտնվել։ Թե հետագա գործողությունների ինչ սցենարների կարող է դիմել ընդդիմությունը, փորձել ենք պարզել քաղաքագետների հետ միասին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թերևս, ինչ-որ չափով շոկ են դարձել ընդդիմության համար։ Հազիվ թե նրանք սպասում էին իշխանությունների այդքան համոզիչ հաղթանակին։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, առաջին հերթին «Հայաստան» դաշինքը, հիմա գործողությունների մի քանի տարբերակ ունեն։ Դաշինքն արդեն հայտարարել է, որ չի ճանաչի քվեարկության արդյունքներն այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր իրական և ենթադրյալ խախտումներն ամենամանրակրկիտ կերպով չեն քննվել: Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը կբողոքարկի արդյունքները Սահմանադրական դատարանում․ այնուամենայնիվ, դժվար թե արդյունքները լուրջ փոփոխությունների ենթարկվեն։
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ այս պայմաններում կողմերը պետք է կամ պայմանավորվեն խաղի կանոնների մասին կամ առճակատման հետագա ուժգնացման գնան։
«Ընդդիմությունը կա՛մ վերցնում է մանդատները և գնում է իշխանության հետ աշխատելու, կա՛մ հրաժարվում է մանդատներից, չի ճանաչում ընտրությունների արդյունքներն ու իր կողմնակիցներին հանում է փողոց, որպեսզի հանրային դժգոհություն գեներացնի, իշխանությանը ստիպի ձայների վերահաշվարկ իրականացնել և այլն»,-նշեց Բալասանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Փաշինյանի հիմնական մրցակիցն, ի դեմս Քոչարյանի դաշինքի, դեռ չի շտապում բացել խաղաքարտերը։ Դաշինքն առայժմ հայտարարել է միայն քվեարկության արդյունքները չընդունելու մասին։ Ընդդիմությանը, ըստ էության, կարելի է հասկանալ. այն հիմա ընտրության առաջ է կանգնած. մի կողմից՝ 30-ից ավելի մանդատը փոքր թիվ չէ (հենց այդքան նրանք կարող են ստանալ քվեարկության արդյունքում)։