MediaArm.am Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմանններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով «Ֆաբիո» խանութ-սրահի բազալտե սանդուղքներին:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: