MediaArm.am Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի պողոտայում, Mazda մակնիշի ավտոմեքենան՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի»:
Վիրավորին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, այնուհետև դարձի բերել այն: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Ա. Մարդոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: